Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակիչում այսօր՝ փետրվարի 23-ին պայքարի մեջ կմտնեն վերջին զույգերը: Այս փուլի թերեւս ամենանշանակալի դիմակայությունում հարաբերությունները կպարզեն անցած տարվա եզրափակիչի մասնակիցները` գործող չեմպիոն «Ինտերը» եւ «Բավարիան»:

Իտալիայի չեմպիոնն անհաջող էր սկսել ընթացիկ մրցաշրջանը: Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «ներաձուրիները» առաջ թողեցին «Տոտենհեմին», իսկ Ա սերիայում բավական հետ մանցին առաջատարից: Սակայն գլխավոր մարզչի պաշտոնում Ռաֆայել Բենիտեսին փոխարինեց Լեոնարդոն եւ թիմի գործերը շտկվեցին: Ա սերիայում «Ինտերը» առաջատար «Միլանին» այժմ միայն հինգ միավոր է զիջում:

Չեմպիոնների լիգայում էլ թիմն ունի քառորդ եզրափակիչ դուրս գալու լավ հնարավորություն: Սակայն հիանալի մարզավիճակում են գտնվում նաեւ մյունխենցիները: Լուի վա Գաալի թիմը նույնպես անհաջող սկսեց առաջնությունը եւ հիմա, կարելի է ասել, Բունդեսլիգայում չեմպիոնի կոչման համար չի պայքարում:

Բայց Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում բավարացիները 18 հնարավորից վաստակեցին 15 միավոր եւ 1/8-րդ եզրափակիչ դուրս եկան առաջին տեղով: «Ինտերի» կազմում խաղին վնասվածքի պատճառով չի մասնակցի անցած տարվա եզրափակիչի հերոս արգենտինացի Դիեգո Միլիտոն:

«Բավարիայի» կազմում վնասվածք ունի խորվաթ հարձակվող Իվիցա Օլիչը:

Օրվա մյուս դիմակայությունում Մարսելի «Օլիմպիկը» «Վելոդրոմ» ստադիոնում կհյուրնկալի «Մանչեսթեր Յունայթեդին»: Անգլիայի Պրեմյեր լիգայի առաջատարը զույգի բացահայտ ֆավորիտն է: Սակայն սըր Ալեքս Ֆերգյուսոնի թիմի կազմում վնասվածքի պատճառով Մարսել չեն մեկնել Ռայան Գիգսը, Անդերոսը, Ջոնի Էվանսը, Ռիո Ֆերդինանդը, Մայքլ Օուենը, Ջի Սուն Պակը եւ Անտոնիո Վալենսիան: Մարսելցիների կազմում վնասվածքի պատճառով չեն խաղա Լոիկ Ռեմին, Բրանդաոն եվ, հավանաբար, Անդրե-Պյեր Ժինյակը: