Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական չի տա: Այդ մասին սեպտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ սեպտեմբերի 18-ի հանրահավաքում արած այն առաջարկին, որ եթե Սերժ Սարգսյանը հրաժարական տա, ինքն իր թեկնածությունը չի առաջադրի:

Ըստ Շարմազանովի՝ առաջին նախագահը հիաթափեցրել է իրեն: «Հիասթափեցրեց այն խոսքը, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի դեպքում (չնայած երբեք հրաժարական չի լինի) չի առաջադրվի, բացառությամբ՝ եթե առաջադրվի Ռոբերտ Քոչարյանը: Դա ոչ լուրջ մոտեցում է կամ ամբիցիոզ մարդու մոտեցում է, որի համար իր ամբիցիաներն ավելի են, քան պետության շահերը»,- ազդարարեց Շարմազանովը եւ հավելեց. «Իր պայքարը ոչ թե պետության խնդիրների լուծման համար է, այլ կապված են 2-րդ նախագահի հետ»: Ավելին, ըստ Շարմազանովի՝ կոնգրեսը «գնալով իր վարկանիշը գցում է, չնայած իմ կոնգրեսական գործընկերները այլ կարծիքի են»:

Հանրապետական գործիչը ասուլիսին չմոռացավ նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանին՝ մի երկու «քաղցր» խոսք էլ նրա հասցեին ասելով: Անդրադառնալով Հովհաննիսյանի՝ ՀՅԴ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների դեմ կազմակերպած հացադուլին միանալու փաստին, Շարմազանովը հայտարարեց. «Ավելի լավ կլիներ, որ ինքը պահպաներ իր մանդատը, պայքարեր ընդունված օրենքների համաձայն, այլ ոչ թե կրավորական կեցվածք ընդուներ եւ նամակներով դիմեր հանրությանը»: