Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում փետրվարի 23-ին կայացել է «Հայկական կոնյակագործների միության» հիմնադիր ժողովը, որի ընթացքում հաստատվել է Միության կանոնադրությունը, եւ Միության նախագահ ընտրվել «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է էկոնոմիկայի նախարարությունից։

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ողջունելով Միության ստեղծման նախաձեռնությունն ու վերջնական ձեւավորումը, շեշտել է, որ «Հայկական կոնյակագործների միությունը» բաց կառույց է լինելու ոլորտում ներգրավված բոլոր ընկերությունների համար, սակայն ունենալու է խաղի խիստ կանոններ, քանի որ խոսքը գնում է հայկական կոնյակի հեղինակության մասին։ Պետությանը կոնյակագործներին աջակցելու է խորհրդատվությամբ եւ ոլորտում առաջացած խնդիրների համակարգմամբ:

Էկոնոմիկայի նախարարը նաեւ նշել է, որ Միության նախագահն ընտրվելու է ռոտացիոն կարգով, այսինքն վերընտրվելու է յուրաքանչյուր տարի` Միության անդամների կազմից:

Նշենք, որ Միությունն ունի 12 անդամ եւ ստեղծվել է 2010 թ. դեկտեմբերի 15-ին։ «Հայկական կոնյակագործների միության» ստեղծման հիմնական նպատակը «Հայկական կոնյակ» տեղանվանման պահպանումը և հայկական կոնյակների բարձր որակի ու միջազգային շուկայում «Հայկական կոնյակ» բրենդի ճանաչելիության ապահովումն է: