Հայաստանի իշխանությունները պետք է հիանալի գիտակցեն, որ Արցախի Հանրապետությունում ոչ ոք լրջությամբ չի դիտարկելու Լավրովի պլանը և այդ հիմքով հնարավոր համաձայնությունը․ այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը.

 «Փարիզում ավարտվեցին Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունները՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ: Չորս ժամվա բանակցությունների արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածեցին հայտարարություն: Ոչ մի առանձնահատուկ և նոր բան հայտարարության մեջ չկա: Բայց, ելնելով Հայաստանի իրավիճակից և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից, ըստ որի՝ անհրաժեշտ է Արցախի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին, այդ բանակցությունների հանդեպ ցուցաբերված է բարձր հետաքրքրություն, և բացարձակապես ոչ միանշանակ արձագանք մեր հասարակությունում: Հատկապես ցավալի է ընդունվել՝ «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստել» արտահայտությունը:

Բոլորին հետաքրքրում է, թե ինչպես պետք է ժողովրդին պատրաստել խաղաղության: Հարց է ծագում. արդյո՞ք դա Լավրովի պլանին վերադարձ չի նշանակում՝ ենթադրելով տարածքների հանձնում: Եթե դա այդպես է, ապա Հայաստանի իշխանությունները պետք է հիանալի գիտակցեն, որ Արցախի Հանրապետությունում ոչ ոք լրջությամբ չի դիտարկելու նման պլանը և այդ հիմքով հնարավոր համաձայնությունը:

Ավելին, ամբողջ արցախյան ժողովուրդը այն կընդունի սվիններով: Ուզում եմ հավատալ, որ հայկական ղեկավարությունը նման պլաններից հեռու է՝ չնայած, որ փաստերը այլ բան են ասում: Վերջերս հայկական բանակում սպայական կազմի լուրջ, ոչ մտածված կրճատումները հսկայական վնաս են հասցնում անվտանգության ամբողջ համակարգին: Եվ դա հնարավոր է կապված լինի բանակցային գործընթացի հետ: Հուսով եմ, որ բանակի ղեկավարման պրոֆեսիոնալիզմը կգերակայի հայկական բանակի ներկայիս ղեկավարության դիլետանտ մոտեցումներին, և բանակը արժանի աջակցություն կստանա ինչպես իշխանությունների, այնպես էլ հասարակության կողմից:

Միայն ուժեղ բանակի շնորհիվ է հնարավոր վարել լավ դիվանագիտություն և պաշտպանել ինչպես մեր երկու ինքնիշխան պետությունների, այնպես էլ ողջ հայ ժողովրդի շահերը: Վերջում կցանկանայի մեկ անգամ ևս հիշեցնել մեր օպոնենտներին. մեր ժողովուրդների միջև խաղաղությունը հնարավոր է միայն պատմական իրականության ճանաչման և բարի կամքի դրսեւորման դեպքում: Մենք Արցախում պատրաստ ենք խաղաղության միայն մեր պայմանների դեպքում և պատրաստ ենք պաշտպանել մեր հայրենիքը և մեր սկզբունքները ցանկացած ոտնձգություններից»,- ասված է նրա գրառման մեջ: