Մինչ Թուրքիայում քննարկում են Patriot տիպի հրթիռներ գնելու հանգամանքները՝ Հունաստանը Ֆրանսիայից ստացել է 15 հատ Scalp հրթիռներ, որոնք նախատեսված են Mirage 2000-5 ռազմական ինքնաթիռների համար։ Այդ հրթիռները ունակ են հարվածել Ստամբուլին եւ ներքին Անատոլիայի զգալի մասին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը։
Հունաստանի եւ Ֆրանսիայի միջեւ կնքված համաձայնագիրը նախատեսել է Mirage 2000-5 ռազմական ինքնաթիռների համար գնել «օդ-օդ» տեսակի Mica եւ «օդ- ցամաք» տեսակի Scalp հրթիռներ։ Հունական Ta Nea թերթի փոխանցմամբ՝ Scalp հրթիռները արդեն մեկ շաբաթ է գտնվում են Thiseas ռազմա-օդային բազայում։ Ըստ այդ թերթի, Հունաստանը առաջին անգամ պաշտպանության ոլորտում Թուրքիայի դեմ նման գործարքի է գնացել։ Այդ հրթիռներով զինված հույն օդաչուները կարող են թշնամու հակաօդային կայաններից հեռու գտնվելով՝ հարվածել մինչեւ 250 կմ հեռավորության վրա գտնվող թիրախներին։ Այդ հրթիռները ունակ են Հունաստանի Մերիչի շրջանից հանգիստ հարվածել Ստամբուլին։ Իսկ հունական Հռոդոսից եւ Միդիլից հարվածի տակ է հայտնվում Թուրքիայի ներքին Անատոլիայի մի զգալի հատվածը։ Հունական թերթը ներկայացրել է որոշ տվյալներ հրթիռների եւ դրանց տեղակայման վերաբերյալ։ Scalp հրթիռի երկարությունը 5.1 մետր է, քաշը՝ 1.3 տոննա։




























