Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի նորանշանակ դեսպան Խուան Անտոնիո Մարկ Պուժոլը (նստավայրը` Մոսկվա):

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհավորել է դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ եւ հույս հայտնել, որ նա պաշտոնավարման ընթացքում իր կարեւոր ներդրումը կունենա տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման գործում:

Դեսպան Պուժոլի խոսքով` իր երկիրը ձգտում է Հայաստանի հետ հարաբերությունները բարձրացնել գլոբալիզացվող աշխարհի անընդհատ փոխվող պահանջներին համապատասխան մակարդակի:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ, կարեւորել են առեւտրատնտեսական կապերի ակտիվացումը եւ անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը:

Նախագահ Սարգսյանը եւ նորանշանակ դիվանագետն անդրադարձել են նաեւ Հայաստան — Եվրոպական Միություն հարաբերություններին եւ այդ շրջանակում երկկողմ գործակցության հնարավորություններին: Դեսպանն ասել է, որ հաջորդ տարի Իսպանիան ստանձնելու է Եվրամիության նախագահությունը եւ մտադիր է լուրջ քայլեր ձեռնարկել հարաբերությունները զարգացնելու եւ խորացնելու ուղղությամբ: