Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորել են երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը, գործարար կապերի ընդլայնման ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացումը: Նրանք համոզմունք են հայտնել, որ Հայաստանի եւ Նիդեռլանդների միջեւ առկա է տնտեսական փոխգործակցության մեծ ներուժ, որի իրացումը կնպաստի առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանը:

Հայաստանի եւ Նիդեռլանդների վարչապետները մտքեր են փոխանակել նաեւ գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման շուրջ:

Կողմերն անդրադարձել են նաեւ բազմակողմ մակարդակում փոխգորակցությանը, մասնավորապես, ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) շրջանակում: Նիկոլ Փաշինյանը եւ Մարկ Ռուտեն վստահություն են հայտնել, որ համաձայնագրի արդյունավետ իրականացումը կնպաստի Հայաստանում տնտեսության,  արդարադատության եւ այլ ոլորտներում բարեփոխումների իրականացմանն ու ՀՀ-ԵՄ համագործակցության զարգացմանը: