Ղարաբաղյան հակամարտության  կողմերի վրա միջազգային ճնշում է գործադրվում: Հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին:

Ըստ նրա, ճնշում բառը կարող է փոխվել ազդեցություն բառով, բայց էությունը չի փոխվի: «ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնում են երեք լուրջ երկրներ, որոնք ունեն միջուկային զենք, տարածաշրջանում իրենց շահերը: Բնականաբար, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը միշտ միջազգային բնույթ է ունեցել, եւ միջազգային խաղացողները միշտ էլ ազդեցություն կունենան:

Ակնհայտ է, որ Մինսկի գործընթացի վերականգնման գործընթաց կա, դրանով էլ բացատրվում են հաճախակի հանդիպումները: Սակայն հակամարտության կարգավորման լուրջ նախադրյալներ դեռ չկան », - նշեց նա:

Փորձագետը շեշտեց՝ չնայած նրան, որ Երեւանում քաղաքական փոփոխություններից հետո Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ հանդիպումները հաճախակի են դարձել, դրանք չեն տարբերվում հեղափոխությունից առաջ տեղի ունեցածներից: «Ինչ վերաբերում է հայ հասարակությունում հանդիպման ժամանակ քննարկվածի վերաբերյալ տարբեր տեսակի ենթադրություններին, դա նույնպես սովորական երեւույթ է», - հավելեց նա:

Փորձագետը նշեց, որ Հայաստանի նոր իշխանությունները պետք է միջազգային եւ տարածաշրջանային բոլոր խաղացողների հետ հարաբերությունների մոդել զարգացնեն, այդ թվում նաեւ Ղարաբաղի իշխանությունների հետ: