Նոր հարկային օրենսգրքի նախագծով սահմանվում է, որ եկամտային հարկը կնվազի ոչ թե հուլիսից, այլ սեպտեմբերից:
Նախագծով, որը տեղադրվել է e-draft կայքում, առաջարկվում է անցնել եկամտային հարկի մեկ միասնական (23 տոկոս) դրույքաչափի սեպտեմբերի 1-ից, մինչդեռ, 2018 թ.-ի նոյեմբերին հրապարակված նախագծով նախատեսվում էր այդ փոփոխությունն ուժի մեջ մտցնել հուլիսի 1-ից:
«Դիտարկումները ցույց են տալիս, որ շուրջ 610 հազար վարձու աշխատողների շուրջ 65 տոկոսի մասով հայտարարագրված ամսա¬կան եկամուտը չի գերազանցում 150 հազար դրամը, իսկ ամսական 2 միլիոն դրամից ավելի եկամուտ հայտարարագրվում է վարձու աշխա¬տող¬ների ընդամենը 0.3 տոկոսի մասով»,- ասվում է նախագծում:
Առաջարկվում է նաեւ եկամտային հարկի դրույքաչափը մինչեւ 2023 թվա¬կա¬նը աստիճանաբար նվազեցնել մինչեւ 20 տոկոս: Նշենք, որ այսօր գործող հարկային օրենսգրքով մինչեւ 150 000 դրամ աշխատավարձի դեպքում եկամտային հարկը 23 տոկոս է, 150 000 - 2 մլն դրամի դեպքում՝ 28 տոկոս, իսկ 2 մլն դրամից ավելի եկամտի դեպքում՝ 36 տոկոս:
Նկատենք, որ եկամտային հարկի նվազմանը զուգահեռ կուտակային կենսաթոշակային հատկացումների մասով քաղաքացին աստիճանաբան կանցնի 5 տոկոս վճարելուն: Այսօր քաղաքացին վճարում է 2,5 տոկոս, իսկ պետությունը՝ 7,5 տոկոս:





























