ՀՀ կառավարության 2019թ. հունվարի 24-ի հերթական նիստում ընդունվել է նաեւ ««Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշումը, ըստ որի շարունակվում է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիրը:

Այս որոշմամբ, Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի օրենքի համաձայն, ապահովվում է մինչեւ 1934 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված ավանդատուների ավանդի փոխհատուցման իրավունքի իրականացումը:

Միաժամանակ, հարկ է նշել, որ շարունակվում են նաեւ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված ավանդատուների փոխհատուցման տրամադրման ծրագիրը:

Ավանդի փոխհատուցման իրավունք ձեռք բերելու համար վերոհիշյալ անձինք պետք է դիմեն իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային բաժին կամ գործակալություն: