Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստինա Լագարդը երկրներին նախազգուշացրել է, որպեսզի հերթական տնտեսական անկմանը դիմակայելու համար դրամավարկային քաղաքականությունն անչափ շատ չօգտագործեն՝ կոչ անելով նրանց անցկացնել ֆիսկալային եւ կառուցվածքային բարեփոխումներ, որպեսզի բարձրացնեն տնտեսության կայունությունը ցնցումների հանդեպ՝ հայտնում է Reuters-ը։
Լագարդը նաեւ ողջունել է տոկոսադրույքների բարձրացման տեմպերը որոշելիս տնտեսական տվյալների վրա հիմնվելու ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի մոտեցումը, քանի որ առեւտրային աճող վեճերը մթագնում են տնտեսական հեռանկարները։
«Շատ լավ կլիներ, եթե տնտեսությունները ստիպված չլինեին կրկին հույսը դնել կենտրոնական բանկերի վրա, որպեսզի դիմակայեն հաջորդ ցնցմանը»,- Դավոսում համաշխարհային տնտեսական համաժողովի պատվիրակներին դիմելով՝ ասել է Լագարդը։
ՀՏՀ-ի նախօրեին Արժույթի միջազգային հիմնադրամը նվազեցրել էր գլոբալ աճի կանխատեսումները։ Լագարդը կրկնել է, որ համաշխարհային տնտեսության համար հիմնական վտանգը Չինաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում լարվածությունն է։





























