2010 թ. Հայաստանից արտահանվել է 135 հազ. գլուխ ոչխար՝ 7000-ով ավելի քիչ, քան 2009 թ: Այդ մասին տեղեկանում ենք պետեկամուտների կոմիտեի հրապարակումից։
Արտահանվող ոչխարների մաքսային արժեքը 2009 թ. համեմատ զգալիորեն բարձրացել է։ Այսպես՝ 2009 թ. արտահանվող 1 ոչխարի մաքսային արժեքը մոտ 60 դոլար էր, իսկ 2010 թ՝ 98 դոլար։
Ոչխարների արտահանումը բավական ծանրակշիռ դեր ունի Հայաստանի արտահանման կառուցվածքում՝ 13,2 մլն դոլար ընդհանուր ծավալով այն 12-րդ տեղն է զբաղեցնում։
Հիշեցնենք, որ Հայաստանը ոչխարներ արտահանում է հիմնականում դեպի Իրան, որտեղից այն վերարտահանվում է արաբական երկրներ։
Հայաստանը նաեւ ոչխարներ է ներմուծում, հիմնականում վերարտահանման նպատակով։ Սակայն Հայաստանի եւ Վրաստանի պաշտոնական վիճակագրություններն այս առումով միմյանց հակասում են։ Այսպես՝ Վրաստանի գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության համաձայն՝ այդ երկրից 2010 թ. Հայաստան է արտահանվել 53 հազ. գլուխ ոչխար։ Սակայն Հայաստանի մաքսային մարմինները գրանցել են միայն 4000-ի փաստը։ Իսկ թե ինչ է պատահել մնացյալ 49 հազ. վրացական ոչխարների հետ՝ պարզ չէ։





























