2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղում հաշվառման է վերցվել քաղցկեղով հիվանդ 1607 մարդ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին  հայտարարեց ԼՂՀ Հանրապետական ուռուցքաբանական դիսպանսերի գործադիր տնօրեն Արմեն Հայրյանը՝ հատկանշական համարելով, որ առավել տարածված են թոքի եւ կրծքագեղձի քաղցկեղները։

Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղում անցած տարի գրանցվել է քաղցկեղով հիվանդացության 312 նոր դեպք։ «Ընդ որում, միայն մայրաքաղաք Ստեփանակետում հաշվառված է քաղցկեղի տարբեր տեսակներով տառապող 304 մարդ»,- տեղեկացրեց նա՝ միաժամանակ ավելացնելով, որ Արցախում, ինչպես ամբողջ աշխարհում քաղցկեղը երիտասարդացման միտումներ ունի։

Հարցին, թե ինչպե՞ս է ԼՂՀ-ում կազմակերպվում քաղցկեղով հիվանդ մարդկանց բուժումը, Հայրյանը նշեց, որ այդ մարդիկ բուժվում են պետպատվերի շրջանակներում։ «Խոսքն, իհարկե, բուժման բոլոր ձեւերի մասին չէ։ Մեզ մոտ հնարավոր են միայն քիմիաթերապիայի կուրսերը եւ դեղորայքային բուժումը, իսկ ահա ճառագայթային բուժում այստեղ չի իրականացվում։ Դրա կարիքն ունեցող մարդկանց ուղեգրում ենք Հայաստան»,- տեղեկացրեց Հայրյանը՝ միաժամանակ հատկանշական համարելով, որ դիսպանսերում մանկական բաժանմունքի բացակայության պատճառով Հայաստան են ուղեգրվում նաեւ իրենց մոտ հաշվառման վերցված մանկահասակ երեխաները։ 

Ամփոփելով՝ ԼՂՀ Հանրապետական ուռուցքաբանական դիսպանսերի գործադիր տնօրենը նշեց, որ Արցախում քաղցկեղից մահացության տոկոսն  առանձնապես մեծ չէ։

Նշենք, որ Հայաստանի ազգային  ուռուցքաբանական կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Բազիկյանի տվյալներով, Հայաստանում ամեն տարի հաշվառման է վերցվում քաղցկեղային հիվանդություններ ունեցող 7,5 հազար մարդ, որոնցից 80-100-ը՝ մինչեւ 14 տարեկան երեխաներ։