Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը չունի բյուջեով նախատեսված պարգեւատրումների առանձին ֆոնդ, ինչպես նաեւ արտաբյուջե: Այս մասին հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ անդրադառնալով վերջին օրերին աղմուկ հանած պարգևատրումների հետ կապված NEWS.am-ի հարցին:
Նրա խոսքով, պարգեւատրումները տրվում են խնայված միջոցների հաշվին՝ տնտեսված գումարի չափով:
«Դեկտեմբերին աշխատակիցների միայն մի մասն է ստացել պարգեւատրում, քանի որ տնտեսված միջոցները բավարար չէին ամբողջ աշխատակազմի համար: ֆինանսական խրախուսումների տրամադրումը որոշվել է հետեւյալ սկզբունքի հիման վրա: Նախապատվությունը տրվել է աշխատանքի բարձր արդյունավետություն բայց, միեւնույն ժամանակ համեմատաբար ցածր դրույքաչափ ունեցող աշխատակիցներին:
Ես պարգեւատրում չեմ ստացել, բացի աշխատավարձից հավելյալ որեւէ գումար ղեկավար կազմից եւս որեւէ մեկը չի ստացել, այսինքն Հանձնաժողովի անդամները, իմ խորհրդականը, օգնականը եւ վարչության պետերը: Պաշտոնական 1 դրույքի չափով պարգեւատրվել են մյուս աշխատակիցները՝ առաջատար եւ գլխավոր մասնագետներից սկսած մինչեւ բոլոր տեխնիկական աշխատողները՝ միջինը 140-150 հազար դրամի չափով»,-ընդգծեց Շաբոյանը:





























