Նախորդ իշխանությունների օրոք 9 տարում դուրս են բերվել 10 մլրդ դոլարի ակտիվներ: Հունվարի 25-ին այս մասին հայտարարեց «Transparency International»-ի հակակոռուպցիոն հարցերով փորձագետ Խաչիկ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ այս ակտիվները դուրս են բերվել 2004-ից 2013 թվականներին, իսկ այս երեւույթի դեմ արդյունավետ պայքարի, ինչպես նաեւ դուրս բերված պաշարների վերադարձման համար անհրաժեշտ է կառուցվածքային բարեփոխումներ անցկացնել եւ ստեղծել միասնական, մասնագիտացված քննչական մարմին, որը կզբաղվի բառապես կոռուպցիոն գործերի քննությամբ: «Անհրաժեշտ է իրավապահ եւ դատական համակարգերի աշխատանքի թափանցիկության հասնել, որպեսզի հասարակությունը եւ պետությունը պատկերացում ունենան այն մասին, թե այս կամ այն մարմինն ինչպես է աշխատում՝ հաշվի առնելով իրական ցուցանիշները»,- նշեց նա:
Հարությունյանը շեշտեց, որ մոնիթորինգի ինստիտուտի ներդրումից բացի, կարեւոր է նաեւ տեղեկացման արդյունավետ համակարգի ստեղծումը, այդ թվում՝ լրատվամիջոցների միջոցով:
«Մարմինները, որոնք կզբաղվեն կոռուպցիայի դեմ պայքարով, պետք է ունենան կազմակերպված, գործառնական եւ ամենակարեւորը՝ ֆինանսական անկախություն»,- եզրափակեց փորձագետը:





























