Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է համակարգված լինի: Այս մասին հունվարի 25-ին հայտարարել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախաձեռնած «Հայաստանի համար հակակոռուպցիոն ծրագիր» նախագծի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

Նրա խոսքերով, կոռուպցիայի դեմ համակարգային պայքարի կազմակերպման համար անհրաժեշտ է կենտրոնանալ երեք հիմնական ոլորտների վրա: «Նախ պետք է ստեղծել մի մարմին, որը կներգրավի կառավարության, հասարակական կազմակերպությունների եւ բիզնեսի ներկայացուցիչներին, որպեսզի հնարավորություն ստեղծենք բոլոր ոլորտների ներկայացուցիչներին՝ ներգրավվելու այդ պայքարում: Երկրորդ, հակակոռուպցիոն ծրագրի ռազմավարության իրականացման արդյունքների մոնիտորինգ անցկացնել: Երրորդ, ներդնել հասարակական իրազեկման համակարգ: Համապատասխան ծրագրերը կարող են ընդգրկվել միջնակարգ եւ բարձրագույն կրթության համակարգում», - նշել է նա:

Վարուժան Հոկտանյանը շեշտել է, որ այդ կետերի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է համապատասխան քաղաքական կամք, ինչը ենթադրում է ոչ միայն ցանկություն, այլեւ ամեն ինչ իրականացնելու ունակություն: