Ջրային կոմիտեի աշխատողները պարգեւատրվել են երկու տարբեր պարգեւավճարներով՝ 100 եւ 50 տոկոսներով։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեցին Ջրային կոմիտեի մամուլի ծառայությունից։
Կոմիտեի մամուլի ծառայությունում դժվարացան մանրամասնել, թե ինչ 50 տոկոսի մասին է խոսքը, սակայն նշեցին՝ խնայողությունների հաշվին են կատարվել պարգեւավճարները։
Կոմիտեում պատասխանեցին նաեւ այն դժգոհություններին, թե աշխատողները չաշխատելով 12 ամիս, 13-րդ աշխատավարձ են իրենց թույլ տվել. «Ջրային կոմիտեի աշխատակազմը էական փոփոխություններ չի կրել»,–նշեցին կոմիտեի լրատվականից։ Իսկ Կոմիտեի նախագահ Ինեսա Գաբայանի մասով հայտնեցին, որ «Իմ քայլը» հիմնադրամին 500 հազարը փոխանցելու որոշումը նրա անձնական որոշում է եղել, ապա պնդեցին, թե նա իշխանություններին հաճոյանալու խնդիր չունի։
«Նա այդ գումարը փոխանցել է բարեգործական նպատակներով, սակայն շատ զարմացած է, թե ինչպես է այս տեղեկատվությունը հայտնվել մամուլում։ Տիկին Գաբայանը միայն իրենց է վստահում»,–հայտնեցին կոմիտեից։
Հիշեցնենք, որ Ջրային կոմիտեի նախագահն իր 100-ից ավելի աշխատակիցներին պարգեւատրել է 150 տոկոսի չափով: Ըստ լրատվամիջոցների՝ չի մոռացել իրեն էլ՝ որպես պարգեւավճար, դուրս գրել մոտ 500 հազար դրամ, ապա այն փոխանցել «Իմ քայլը» հիմնադրամին:





























