Ամերիկացի զինծառայող Զաքարի Հետֆիլդը, ով 2006թ-ին Ղըրղզստանի քաղաքացուն սպանել էր ԱՄՆ ավիաբազայում, պաշտոնապես անմեղ է համարվել: Այդ մասին հայտարարել է ավիաբազայի պետ Դուայթ Սոունզը: Նա տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում անցկացվել է հետաքննություն, եւ դատարանն արդարացրել է Հետֆիլդին` նրա մեղքը հաստատող ապացույցների ոչ բավարար լինելու հիմքով:
Սպանությունը կատարվել էր Բիշքեկից ոչ հեռու գտնվող «Մանաս» միջազգային օդանավակայանի տարածքում տեղակայված ԱՄՆ ավիաբազայում: Սպանվել էր Ղըրղզստանի քաղաքացի, օդանավակայանի վարորդ Ալեքսանդր Իվանովը:
Դրանից հետո ամերիկյան կողմը հայտարարել էր, թե շարքային Զաքարի Հետֆիլդը զենքը հիմնավորված է կիարառել: Ըստ զինծառայողի` վարորդն իրեն ագրեսիվ է պահել եւ սպառնացել է, ու նա ստիպված է եղել կրակել: Ղըրղզական կողմը սակայն պնդել էր, որ զինվորականը հիմքեր չի ունեցել կրակելու վարորդի վրա (մամուլում նաեւ հրապարակումներ են եղել այն մասին, թե ամերիկացի զինվորը հարբած է եղել):
Նշենք, որ ամերիկյան ավիաբազան Ղըրղզստանում տեղակայված է 2001թ-ից: 2009թ. ղըրղզական իշխանությունները մտադրություն հայտնեցին դրանից հրաժարվելու, սակայն բազան այդպես էլ չփակվեց: Այն 2009թ. ամռանը վերանվանվեց «Տարանցիկ փոխադրումների կենտրոն»` փաստացի պահպանելով նախկին գործառույթները:





























