Ռուսաստանյան հեռուստաալիքներով արդեն սկսվել է նախագահական ընտրարշավը. 2012թ. Ռուսաստանի նախագահ կդառնա Դմիտրի Մեդվեդեւը, իսկ Վլադիմիր Պուտինը, ըստ ամենայնի, կթողնի վարչապետի պաշտոնը եւ կարող է ղեկավարել Ռուսաստանի խոշոր ընկերություններից մեկը, հնարավոր է, «Գազպրոմը»: Gzt.ru-ի փոխանցմամբ`նման կարծիք է հայտնել հեռուստալրագրող Վլադիմիր Պոզները:
«Այն, ինչ ես տեսա փետրվարի 20 –ին կիրակնօրյա «Վրեմյա»-ով, շատ էր հիշեցնում նախընտրական արշավի: «Վրեմյա» ծրագիրը սովորաբար երկու մասից է կազմված լինում եւ տեւում է մեկ ժամ, բայց վաղուց չէի տեսել, որ առաջին մասն ամբողջությամբ նվիրված լինի այդ երկու անձանց: Ինձ համար դա արդեն ազդակ է»,-ասել է Պոզները:
Նրա կարծիքով`Ռուսաստանում 2012 թվականից պետական քաղաքականությունում փոփոխություններ են սպասվում: Դա պայմանավորված է նրանով, որ Մեդվեդեւն ու Պուտինը «տարբեր մարդիկ» են` «տարբեր հայացքներով, տարբեր պատկերացումներով»:
Պոզները համոզված է , որ 2012թ. ընտրություններին ոչ մի «երրորդ ուժ» ի հայտ չի գա, իսկ Պուտինը, հավանաբար, կթողնի վարչապետի պաշտոնը:





























