Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հանդիպումների չծրագրված բնույթը մտահոգիչ է։ Այդ մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։ Նրա խոսքով, մտահոգիչ է ոչ թե բուն հանդիպումը, այլ հանդիպման ձեւաչափը։ «Նման հանդիպումները պետք է կազմակերպված լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, հակառակ դեպքում դրանց անցկացումն աննպատակահարմար է»,– նշել է նա։

Փորձագետն ընդգծել է, որ անհասկանալի է հանուն զրույցի նման հանդիպումներ անցկացնելու իմաստը։ «Չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանը եւ Իլհամ Ալիեւը մոտ ընկերներ են եւ հանդիպել են, որպեսզի քննարկեն անձնական հարցեր։ Այդ պատճառով, բնականաբար, հանդիպումների ժամանակ քննարկվելու են բացառապես պետական հարցեր եւ անվտանգության խնդիրները, իսկ նման լուրջ հարցերի քննարկումը, առանց նախնական նախապատրաստման, մտագոհություն է հարուցում»,– նշել է նա։

Փորձագետը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե չի կարող հանդես գալ ԼՂՀ անունից, հարցեր է առաջացնում։ «Դա կարող է հանգեցնել այն մտքին, որ փորձ է արվում բանակցային գործընթացի հնարավոր ձախողված արդյունքի ողջ պատասխանատվությունը բարդել Ստեփանակերտի վրա, պատասխանատվության մի մասը վերցնել Հայաստանի վրայից՝առանց հաշվի առնելու Երեւանի իրական դերը այդ հակամարտությունում։ Նման մոտեցումը կարող է հանգեցնել փակուղու բանակցային գործընթացում կամ մեզ համար խիստ անցանկալի լուծումների։ Իսկ եթե հավատարիմ լինենք այն սկզբունքին, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի Ղարաբաղի հետ, ապա Բաքուն պարզապես կարող է հրաժարվել դրանցից եւ ուժ գործադրել»,– նշել է նա։ Աղասի Ենոքյանն ավելացրել է, որ չնայած Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում չի խոսում այն մասին, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավորն է, Հայաստանը, մասնակցելով բանակցություններին, այսպես թե այնպես, այդ հակամարտության լուծման պատասխանատվություն է ստանձնում։

Հիշեցնենք, որ հունվարի 25–ին Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման արդյունքներին, հայտարարել էր, որ որեւէ արդյունք չէր ակնկալվում, եւ էթիկայի առումով ճիշտ չի համարում բացահայտել զրույցի բոլոր մանրամասները։

Միաժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Իլհամ Ալիեւի հետ խոսել է միայն Հայաստանի անունից։ «Ես բազմիցս ասել եմ, որ կարող եմ ներկայացնել Հայաստանը, բայց ոչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, քանի որ Ղարաբաղի բնակիչներն ինձ չեն ընտրել, նրանք ընտրում են իրենց նախագահին եւ իրենց խորհրդարանը»,– ասել է Հայաստանի վարչապետը։