ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին համաձայնել է ավարտել դաշնային կառավարության գործունեության մասնակի դադարեցումը՝ աճող ճնշման ֆոնին, զիջելով դեմոկրատներին քաղաքական հաղթանակը, տեղեկացնում է Ռոյթըրը։ Ընդ որում՝ նշվում է, որ երկրի ղեկավարն այդպես էլ չի ստացել ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին պատի կառուցման համար պահանջած 5,7 մլրդ դոլարը։ Գործարքը համաձայնեցվել է Կոնգրեսի ղեկավարների հետ, արագ արժանացել հանրապետականների կողմից ղեկավարվող Սենատի եւ Ներկայացուցիչների պալատը գլխավորող դեմոկրատների հավանությանն ու ստորագրվել Թրամփի կողմից։

Ընդ որում՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ շաթդաունը կվերսկսվի փետրվարի 15-ին, եթե նրան չգոհացնեն սահմանի անվտանգության վերաբերյալ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի ներկայացուցիչների միջեւ բանակցությունների արդյունքները. հակառակ պարագայում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ կմտցնի արտակարգ դրություն՝ պատի կառուցմանն անհրաժեշտ գումարն ստանալու համար, առանց Կոնգրեսի հավանության։

Շաթդաունը, որը տեւել է երեք շաբաթ եւ դարձել ամենաերկարն ԱՄՆ պատմության մեջ, հանգեցրել է այն բանին, որ ժամանակավորապես աշխատանքից ազատվել եւ աշխատավարձ չի ստացել դաշնային գործակալությունների մոտ 800 հազար աշխատակից։ Նրանցից ոմանք ստիպված են եղել դիմել աշխատանքի բորսա, մյուսները նոր աշխատանք են փնտրում։