Երեւանի  ավագանուն «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանն Facebook-ում գրառում է կատարել՝ պարզաբանում պահանջելով Երեւանի քաղաքապետարանից, թե ինչու ծրագրերից մեկի կազմակերպված քննարկմանը չեն հրավիրվել «Լույս» խմբակցության անդամները:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք միամտորեն կարծում ենք, թե հանրապետական մտածողության եւ գործելաոճի ժամանակաշրջանն այլեւս պատմությունն է, որ եկել է իսկապես աշխատելու եւ համագործակցելու ժամանակը: Համագործակցություն, որն առաջին հերթին հիմնված է փոխադարձ հարգանքի վրա:

Բայց արի ու տես, որ իրականությունը հեռու է մեր պատկերացումներից, եւ գուցե ավելի տխուր է, քան հանարապետականների ժամանակաշրջանում էր: Նույնիսկ նրանց օրերում նման բան տեղի չի ունեցել, որ ծրագրի քննարկման մասին տեղյալ չպահեն որեւէ խմբակցության:

Քաղաքապետ Հայկ Մարությանը բազմիցս պնդել է, թե իր համար բոլոր խմբակցությունները հավասար են... Կարծես թե հավասարության նշանը դրվել է «Իմ քայլի» եւ ԲՀԿ-ի միջեւ: Քաղաքապետարանը ծրագիր է քննարկում, քննարկմանը ներկա են «Իմ քայլը» եւ ԲՀԿ խմբակցությունների ավագանու անդամները, իսկ «Լույս» խմբակցությանը ոչինչ չի ասվել:

Պահանջում եմ պարզաբանում»: