Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը պաշտոնապես Վենեսուելայի խորհրդարանի նախկին նախագահ Խուան Գուայդոյին ճանաչեց պետության ժամանակավոր ղեկավար եւ նախագահ Նիկոլաս Մադուրոյին կոչ արեց վայր դնել լիազորությունները, պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոմպեոն տվել է այն դիվանագետի անունը, ով պատասխանատու է Վենեսուելայի հանդեպ ԱՄՆ քաղաքականության համար։ ԱՄՆ հատուկ դեսպանորդ է դարձել «բազեների» ճամբարի ներկայացուցիչ, հանրապետական Էլիոթ Աբրամսը, տեղեկացնում է «Նեմեցկայա վոլնա»-ն՝ հղում կատարելով AP-ին։
Մի քանի տարի շարունակ Աբրամսը զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ հանրապետական մի քանի նախագահների վարչակազմերում՝ սկսած Ռեյգանից։ Այդ տարիներին նա իրեն դրսեւորել է որպես «բազե» Լատինական Ամերիկայի հանդեպ, տեղեկացնում է AP տեղեկատվական գործակալությունը։
Նախկինում քաղաքական գործիչը մեղադրվել է այն բանում, որ քննությունից թաքցրել է կարեւոր տեղեկություն այսպես կոչված «Իրանգեյթի» հետաքննության ընթացքում (քաղաքական սկանդալ ԱՄՆ-ում 1980-ականների կեսերին), բայց հետագայում արդարացվել է։
Իրավիճակը Վենեսուելայում դառնալու է ՄԱԿ Անվտանգության խորհրդի հատուկ նիստի թեման, որը կանցկացվի Նյու Յորքում հունվարի 26-ին, ԱՄՆ նախաձեռնությամբ։ Սպասվում է, որ ԱՄՆ ԱԳՆ ղեկավար Մայք Պոմպեոն միջազգային հանրությանը կկոչի ճանաչել Խուան Գուայդոյին որպես Վենեսուելայի օրինական ժամանակավոր նախագահ։
Չորեքշաբթի՝ հունվարի 23-ին, Խուան Գուայդոն իրեն հռչակել էր Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար եւ երդվել մի քանի հազար կողմնակիցների առջեւ։ Երկու օր անց նա բանակին կոչ է արել պաշտպանել իրեն. «Զինվորներ, կանգնեք վենեսուելական ժողովրդի կողքին»։
Մադուրոյի սոցիալիստական կառավարության հետ բանակցություններին Գուայդոն պատրաստ է համաձայնել միայն որոշակի պայմանների դեպքում։
Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը, Կանադան, Լատինական Ամերիկայի երկրների մեծամասնությունը եւ մի շարք այլ պետություններ ճանաչեցին Գուայդոյին ժամանակավոր նախագահ, Նիկոլաս Մադուրոն հայտարարեց Ամերիկայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին։
«Մենք պատրաստ ենք աջակցել ժամանակավոր նախագահ Գուայդոյին անցումային կառավարություն կազմելիս եւ որպես ժամանակավոր նախագահ սահմանադրական պարտականությունները կատարելիս, այդ թվում ԱՄՆ-ում եւ այլ երկրներում Վենեսուելայի դիվանագիտական ներկայացուցչությունների կարգավիճակը սահմանելիս»,- ասվում է ԱՄՆ արտգործնախարար Մայք Պոմպեոյի հայտարարությունում, որը հրապարակվել է պետդեպարտամենտի կայքում հունվարի 23-ին։
Ավելի վաղ Թրամփի վարչակազմը քանիցս պատժամիջոցներ էր մտցրել վենեսուելական ընկերությունների եւ Մադուրոյի շրջապատի հանդեպ։





























