Սաուդյան Արաբիայի կառավարությունը 2019  եւ 2020 թվականներին թագավորության արդյունաբերական զարգացման ծրագրի շրջանակում 27 մլրդ դոլար (100 մլրդ սաուդյան ռիալ) կծախսի: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով էներգետիկայի, արդյունաբերության եւ հանքային ռեսուրսների փոխնախարար Աբեդ Աբդուլլա Աս-Սաադունին:

Ավելի վաղ՝ կիրակի, Al-Qaim թերթը հաղորդել էր, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման Ալ Սաուդը, մտադիր է 2030 թվականին 425 միլիարդ դոլարի չափով ենթակառուցվածքների եւ արդյունաբերության զարգացման համար մի շարք բարեփոխումներ իրականացնել: Թերթի տվյալներով՝ հունվարի 28-ին թագաժառանգը հայտարարելու է նախաձեռնության մանրամասների մասին, որն ուղղված է  նավթի եկամուտներից տնտեսության կախվածությունը վերացնելուն:

Խոսքը էներգետիկայի, հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային նախագծերի մասին է: Թագաժառանգի ծրագիրը ներառում է նաեւ 2 000 կմ երկաթգծերի եւ Սաուդյան Արաբիայում հինգ նոր միջազգային օդանավակայանների կառուցում:

Ինչպես նշում է թերթը, երկուշաբթի թագավորությունը 200 միլիարդ ռիալի 70 խոշոր պայմանագրեր (53.3 միլիարդ դոլար) կստորագրի: