Հայկական ծագումով համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտոր Միշել Լեգրանի մահվան սգո արարողությունը կկայանա Սուրբ Ալեքսանդր Նեւսկու ուղղափառ տաճարում՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ֆրանսիացի հանրահայտ կոմպոզիտոր, դաշնակահար, երգիչ, «Օսկարի» եռակի մրցանակակիր Միշել Լեգրանը մահացել է լույս շաբաթ գիշերը՝ 86 տարեկան հասակում։

Տաճարի ներկայացուցիչն ասել է, որ ընտանիքը հրաժեշտի արարողության ձեւաչափի մասին որեւէ ցուցում չի տվել, սակայն ենթադրել է, որ դրանով կզբաղվեն թաղման գործակալության աշխատակիցները։

Նա հիշեցրել է, որ մի քանի տարի առաջ Լեգրանը նույն տաճարում պսակադրվել է իր կնոջ՝ ռուսական ծագումով ֆրանսիացի դերասանուհի Մաշա Մերիլի (Գագարինա) հետ։

Փարիզի Դարյու փողոցում գտնվող Սուրբ Ալեքսանդր Նեւսկու տաճարում, որ կառուցվել է ռուսների նվիրատվություններով, տարբեր ժամանակներում կատարվել են Տուրգենեւի, Շալյապինի, Բունինի, Օկուջավայի սգո ծեսերը։

Միշել Լեգրանը ծնվել է կոմպոզիտոր, դիրիժոր եւ վարյետեի նվագախմբի ղեկավար Ռայմոն Լեգրանի ու հայկական հայտնի տոհմից սերված դաշնակահարուհի Մարսել Տեր-Միքայելյանի ընտանիքում։

Լեգրանն առավել հայտնի է ֆիլմերի, մասնավորապես՝ «Շերվուդյան հովանոցներ» (1964), «Աղջիկը Ռոշֆորից» (1967), «Թոմաս Կրաունի խարդախությունը» (1968) կինոնկարների համար գրած իր երաժշտությամբ։