«Ենթադրվում էր, որ "Քաղաքացիական Պայմանագիր" կուսակցությունը պետք է քաղաքացիների միջև հանրային ինչ-որ "պայմանագիր" կնքեր, որի միջոցով հանրությունը գար երկրի զարգացման ուղղության շուրջ համաձայնության: Այդ "Համաձայնությունը" պետք է երկրում ստեղծեր "սիրո և հանդուրժողականության" մթնոլորտ, որի արդյունքում ՔՊ-ն պետք է դառնար "ինստիտուցիոնալ" կուսակցություն և մենք բոլորս լծվեինք "Նոր Հայաստան" կառուցելու գործին:»․ ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը եւ այնուհետեւ ներկայացրել ենթադրվող «պայմանագրի» իրական հետեւանքները․
«Կարծես թե դրանք էին կարգախոսները, և մարդիկ սպասում էին այդ "ինչ-որ" բանին: Այդ "ինչ-որ" բանը չառաջարկվեց, "սերն ու համերաշխությունը" վերածվեց ատելության ու անհանդուրժողականության, սերունդների միջև ստեղծվեց արհեստական անջրպետ ("թեկուզ պոլի փեդ, բայց ՀՀՇ-ից" կարգախոսը վերափոխվեց "թեկուզ պոլի փեդ, բայց նոր սերունդ" կարգախոսի), հիմա հերթական անգամ փորձում են հայաստանցի ու ղարաբաղցի բաժանում մտցնել:
Սա է այն ամենը, ինչ կատարվել է մինչ այժմ: Չի հնչել որևէ քաղաքական ծրագրային տեքստ, չի դրվել ներքաղաքական, կամ արտաքին քաղաքական որևէ հայեցակարգ: Արցախի շուրջ գործընթացներ են գնում, սակայն չի հնչել որևէ տեսակետ, թե մեզ համար ընդունելի ինչ արդյունք ենք ցանկանում ունենալ: Դա նշանակում է թռչել ծովը, բայց պատկերացում չունենալ, թե որ ափին ենք ցանկանում հանգրվանել` դա երաշխավորված պարտության ճանապարհ է:
Ինչ ունենք այս պահին.
- կոռուպցիայի դեմ պայքարը ձևափոխվել է Արցախի դեմ պայքարի,
- 30 տարվա մեղքերն ու հանցագործությունները դարձել են 20 տարվա մեղքեր ու հանցագործություններ, իսկ ցանկացած կեղծիք տանում է առճակատման,
- երկիրը քանդած ընտրակեղծիքների պատասխանատուներն ու հիմնադիրները հանդես են գալիս սրբերի դիմակներով:
Կեղծ քարոզչությունը մարդկանց բաժանել է հակամարտ կողմերը, երբ բոլոր կողմերը պայքարում է իրենց Սուտը որպես Ճշմարտություն մատուցել:
Սա արդեն ինստիտուցիոնալ ճգնաժամ է»,- ասված է նրա գրառման մեջ:





























