Մոսկվայի քաղաքային դատարանում լսվել է 10 անդամից բաղկացած ազգայնամոլական խմբավորման գործը, ովքեր ազգային անհանդուրժողականության հողի վրա սպանել են այլազգիների։

Սափրագլուխները դատապարտվել են 3 տարի 2 ամիս պայմանականից ազատազրկումից մինչեւ 10 տարվա խստացված գաղութային ռեժիմի։ Նշյալ խմբավորման առաջնորդ Եվգենիա Խիխարովային եւ Իլյա Շուտկոյին դատարանը որոշել է 8 տարի ժամկետով զրկել ազատությունից ուղղիչ գաղութում եւ 10 տարի ժամկետով ՝ ընդհանուր ռեժիմի գաղութում։

Խմբավորման երեք այլ անդամների դատարանը դատապարտել է 3, 3.5 եւ 4 տարվա պայմանական ազատազրկման՝ 5 տարի փորձաշրջանով։ Դատավորն ընդգծել է, որ նրանք չպետք է փոխեն բնակության եւ ուսման վայրերը՝ առանց համապատասխան մարմիններին տեղյակ պահելու։

Ազատազրկման ամենամեծ ժամկետը դատախազը խնդրել է Ալեքսանդր Եֆիմովի համար, ով հանցագործության պահին չափահաս էր։ Նրան դատապարտել են 10 տարի ազատազրկման՝ խստացված ռեժիմով գաղութում։

Հետաքննության արդյունքներով, 2008-ի փետրվարի 1-ից մարտի 7-ը մեղադրյալները Մոսկվայում սպանել են Չինաստանի, Ղրղզստանի եւ Ուզբեկստանի չորս քաղաքացիների։