Լոս Անջելեսում գրանցվել է ատելության հիմքով հանցագործությունների ամենաբարձ մակարդակը վերջին տասնամյակի ընթացքում, ընդ որում՝ 2018թ. այդ թիվն աճել է գրեթե 13%-ով՝ նախորդ տարվա համեմատ, գրում է LA Times-ը։
Անցած տարի Լոս Անջելեսում գրանցվել է ատելության հիմքով հանցագործությունների 289 դեպք 2017թ. 256-ի փոխարեն։
Ըստ ատելության եւ ծայրահեղականության ուսումնասիրման կենտրոնի վերջերս հրապարակած հաշվետվության՝ հանցագործությունների զոհ են դարձել ԼԳԲՏ հանրույթի ներկայացուցիչները, աֆրոամերիկացիները եւ հրեաները։
Թեեւ այս թվերը համեմատաբար մեծ չեն այլ հանցագործությունների համեմատությամբ, բայց հարձակումների քանակը ատելության հիման վրա Լոս Անջելեսում անցած տարի ավելացել է 45%-ով։ Ատելության հիմքով հանցագործությունների թիվը՝ պայմանավորված ազգային կամ ցեղային պատկանելությամբ, աճել է 26%-ով՝ 116-ից հասնելով 150-ի։
Կենտրոնի գործադիր տնօրեն Բրայան Լեւինը հայտարարել է, որ, քանի որ Լոս Անջելեսի բնակչությունը փոխվել է, մեղադրվողներից շատերը սպիտակամորթ չեն։
Զեկույցը հրապարակվում է Սան Ֆերնանդոյի հայկական դպրոցում թուրքական դրոշներ փակցնելու դեպքից մեկ շաբաթ անց։ Լոս Անջելեսի ոստիկանական վարչությունը փնտրում է դիմակով կասկածյալին, որը հայտնվել է տեսախցիկների տեսադաշտում՝ դպրոցի պարսպին թուրքական դրոշները փակցնելիս։ Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, նշում է թերթը։
Միաժամանակ, վանդալները հակասեմիթական գրաֆիթի են պատկերել սինագոգի պատին, բայց առայժմ ապացույցներ չկան, որ միջադեպը կապված է հայկական դպրոցներում իրավիճակի հետ։
Համաձայն հաշվետվության՝ ատելության հիմքով հանցագործությունների թիվը ԱՄՆ խոշոր քաղաքներում աճում է հինգերորդ տարին անընդմեջ։ Ինչպես եւ Լոս Անջելեսում, Սան Ֆրանցիսկոյում, Չիկագոյում, Հյուսթոնում, Դալասում եւ Սիեթլում գրանցվել է ատելության հիմքով հանցագործությունների ամենամեծ թիվը վերջին տասնամյակում։ Անընդմեջ աճը գրանցվել է այն դեպքում, երբ Լոս Անջելեսի, Չիկագոյի եւ Նյու Յորքի ոստիկանությունը տեղեկացրել է հանցավորության նվազման ընդհանուր միտման մասին։





























