Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կառուցելու եւ համայնքներին է հանձնելու ֆուտբոլի շուրջ 7 հարյուր փոքր դաշտեր: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ԱԱԾ տնօրեն, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը:
Նա տեղեկացրել է, որ ֆեդերացիայում կատարվել են մեծ աշխատանքներ եւ առաջիկայում լուրջ արդյունքներ են գրանցվելու. «Մենք ֆուտբոլի դպրոցներ, ֆուտբոլի ակադեմիա, մարզադաշտ ենք կառուցելու, որը շատ մեծ գումարների հետ է կապված»:
Անդրադառնալով քննադատություններին, թե մարզադաշտ կառուցելու գումարները կարելի էր այլ կերպ ծախսել, նա նշեց. «Ֆուտբոլի ֆեդերացիայի ֆինասավորումը պետբյուջեից կազմում է 0 դրամ, ընդհակառակը, վճարում է հարկեր եւ լցնում բյուջեն: Ֆուտբոլի ֆեդերացիան գումարները ստանում է ՖԻՖԱ-ից եւ ՈՒԵՖԱ-ից, ինչպես նաեւ իր կողմից իրականացվող տարբեր միջոցառումների արդյունքում ստանում է շահույթ: Գումարները նպատակային են տրվում»:
Խոսելով ֆեդերացիայում անցկացվող ստուգումների մասին, նա ասաց, որ ֆուտբոլի ֆեդերացիան մեծ տնտեսություն ունի եւ ստուգումները սովորական գործընթաց են, որոնք պետք է անել ղեկավարության փոփոխության դեպքում:





























