Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի մասնակցությամբ այսօր ներկայացվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության 2018 թվականի գործունեության հաշվետվությունը:

ԱՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ծառայության պետ Արսեն Նավասարդյանը փոխնախարարին ներկայացրել է 2018 թվականին ծառայության կողմից վերահսկողության, վերասոցիալականացման, ինչպես նաեւ միջազգային համագործակցության շրջանակում կատարած աշխատանքները: 2018 թվականին Պրոբացիայի ծառայությունն ունեցել է 6079 շահառու, որոնցից՝ տուգանք պատժատեսակով 2074 գործ, որոշակի պաշտոններից զրկելու եւ որոշակի գործունեության իրավունքից զրկելու 452 գործ, հանրային աշխատանքներում ներգրավվելու 574 գործ, պատիժը պայմանական չկիրառելու 2223 գործ, վարքի նկատմամբ վերահսկողության 17 գործ, պատժից պայմանական վաղակետ ազատվելու 725 գործ եւ պատժի հետաձգման 14 գործ:

Հաշվետվության ընթացքում ներկայացվել է նաեւ պրոբացիայի ծառայության շահառուների համար վերասոցիալականացման շրջանակում կազմակերպված դասընթացների, դատարաններ ներկայացված խորհրդատվական զեկույցների, ինչպես նաեւ մշակութային հաստատություններ այցելությունների կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքները: Անդրադարձ է եղել նաեւ միջազգային համագործակցությանը: Ի թիվս 2018 թվականի ձեռքբերումների՝ ներկայացվել է նաեւ Ծառայության պաշտոնական ինտերնետային կայքի գործարկումը, ինչն առավել հասանելի է դարձրել Ծառայության կատարած աշխատանքների վերաբերյալ հանրային իրազեկման գործընթացը:

Փոխնախարար Քրմոյանը նշել է, որ ներկայացված տարեկան գործունեության առաջին հաշվետվությունը վկայում է նոր ձեւավորված կառույցի կայացման մասին եւ ընդգծել, որ հաջորդող զեկույցներն այլեւս համեմատական են ունենալու:

Սուրեն Քրմոյանն անդրադարձել է նաեւ բացթողումներին եւ կատարման ենթակա աշխատանքներին՝ տալով համապատասխան հանձնարարականներ:

Հաջորդիվ, փոխնախարար Քրմոյանը լսել է Ծառայության մարզային ստորաբաժանումների ղեկավարների հարցերը եւ վստահեցրել, որ Արդարադատության նախարարությունը հնարավորության սահմաններում թե՛ օրենսդրական եւ թե՛ նյութատեխնիկական առումով  աջակցելու է բարձրացված խնդիրների լուծմանը՝ պրոբացիայի ծառայության փոքրաքանակ ռեսուրսներով իրականացվող ծավալուն աշխատանքները հանրության շրջանում տեսանելի դարձնելու համար: