Ռուսաստանի Կաբարդինո-Բալկարիայի հանրապետության մայրաքաղաք Նալչիկի վրա են հարձակվել գրոհայինների 3 կամ 4 խմբեր (յուրաքանչյուրում 4-5 մարդ), գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Նրանք ականանետերից կրակ են բացել Անվտանգության դաշնային ծառայության շենքի ուղղությամբ, նաեւ հարձակվել են ոստիկանական երկու պահակակետերի վրա:
Բացի այդ, հանցագործները նռնակ են նետել Անվտանգության դաշնային ծառայությանը պատկանող հանգստավայրի վրա:
Հարձակման հետեւանքով, ոստիկանության պահակակետերից մեկում մեկ ոստիկան վիրավորվել է, եւս 10-12 մարդ վիրավորվել է հանգստավայրում: Նախնական տվյալներով զոհեր չկան:
«Ինտերֆաքսը» վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը, հաղորդում է, որ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հեռախոսով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին զեկուցել է, որ Նալչիկի եւ նրան հարակից տարածքներում հանցագործներին որոնելու գործողություններ են սկսվել:





























