Իրաքում նախօրեին կայացած համազգային «Ցասման օրվա» ցույցերի ընթացքում ցուցարարների եւ ոստիկանների բախման արդյունքում 12 մարդ է զոհվել։ 10 մարդ սպանվել է հյուսիսային քաղաքներում, երկուսը՝ Անբար նահանգում։
Բաղդադի կենտրոնական հրապարակ դուրս գալու կոչերը տարածվել են Facebook եւ Twitter սոցիալական ցանցերով եւ իրաքյան մի շարք կայքէջերի միջոցով։
Չնայած ոստիկանության եւ բանակի գործադրած ջանքերին՝ Իրաքի մայրաքաղաքի գլխավոր հրապարակ հազարավոր մարդիկ են դուրս եկել։ Ցուցարարների դեմ ջրաշիթեր եւ ռետինե մահակներ են գործադրվել։
Հակառակ արաբական այլ երկրների՝ Իրաքում տեղի ունեցող բողոքի ցույցերն ուղղված չեն գործող վարչակազմի դեմ։ Մարդիկ, նախեւառաջ, կոչ են անում պայքարել կոռուպցիայի դեմ եւ լուծել գործազրկության, պարենամթերքի, էլեկտրաէներգիայի եւ ջրի սակավության հարցերը։





























