«Հին Երեւան» նախագիծը որևէ ընդհանուր բան չունի Երեւանի պատմական տեսքի վերականգնման հետ: Այս մասին փետրվարի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նրա խոսքերով՝ ինքը չէր ցանկանա խոսել Արամի 23 փողոցում  իրադարձությունների մասին․ այն կարելի է անվանել լավ բիզնես ծրագիր, որը հաստատվել է կառավարության կողմից:

 «Ես հավանություն չեմ տալիս «Հին Երեւան» նախագծին, եւ ոչ միայն ես, այն ոչ մի տեղ հավանության չի արժանացել։ Դա կարող է ձեռնտու լինել շահույթի տեսանկյունից, բայց դա ոչ մի կապ չունի այն նպատակների հետ, որոնք նախապես նշանակված էին: Տեղի է ունենում Թամանյանի հիմնական նախագծի խեղաթյուրում։  Դա բացատրվում է հսկայական շենքեր կառուցելու ցանկությամբ, որոնք նախատեսում են կառուցել։ Ոչ մի կերպ դա չի կարելի կոչել հին տեսքի վերականգնում», - նկատեց նա:

Անդրադառնալով Երեւան քաղաքի կանաչապատմանը եւ օպերայի շենքի շուրջ սրճարանների հնարավոր ապամոնտաժմանը՝ Մկրտիչ Մինասյանն ընդգծեց, որ քաղաքի կանաչապատումն առաջնահերթ նշանակություն ունի: «Ժամանակին, երբ այդ սրճարանների սեփականատերերին ասացին, որ նման շինություններն ապօրինի բնույթ են կրում եւ այդ տարածքները հնարավոր է նորից քաղաքապետարանին վերադարձվեն, նրանք անտեսեցին դա։ Փոխզիջման հասնելու համար պետք է կառուցել միայն ամառային սրճարանները, որոնք ձմռանը կապամոնտաժվեն», - հավելեց Մկրտիչ Մինասյանը:

Ավելի վաղ մենք տեղեկացրել էինք, որ հունվարի 11-ին, ժամը 21: 48-ին «911» ծառայությունն ահազանգ էր ստացել, որ Արամ 23-ում գտնվող «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկապատանեկան ֆիլհարմոնիայի շենքում փլուզում է տեղի ունեցել եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվեց, որ այդ շենքում փլուզվել են երգչախմբի փորձերի համար նախատեսված դահլիճը (մոտ 35 քառ. մ) եւ առաստաղի մի մասը (մոտ 20 քմ): Բացի այդ, վնասվել էր ընդունարանի առաստաղը (առաստաղի եւ պատի վրա հայտնաբերվել են շուրջ 1.5 քառակուսի մետր ճաքեր): Փլուզվել է նաեւ ֆիլհարմոնիկ շենքին հարակից 23/3 (մոտ 18 քառ. մ) տան հյուրասենյակի արտաքին պատը եւ տան առաստաղը (մոտ 20 քառ․մ): ՆՆջասենյակի արտաքին պատին եւ առաստաղին ճեղքեր են հայտնաբերվել: