Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում իսկական պատերազմական գործողություններ են ընթանում. այստեղ են բերվել երկրի նախագահ Մուամար Քադաֆիի հիմնական ուժերը: Բնակչությունը գրհում ու գրավում է զենքով լի զինանոցները: Զորքը կրակ է բացել ցուցարարների վրա:

Տրիպոլիի օդանավակայանը լիքն է արտասահմանցիներով: Նրանք փորձում են հեռանալ երկրից, բայց առայժմ ապարդյուն: Մարդիկ անգամ ստիպված են վրանային ճամբար խփել օդանավակայանի տարածքում, հաղորդում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:

Քադաֆիի ավագ որդին՝ Սեիֆ ալ-Իսլամը արտասահմանցի լրագրողներին հայտարարել է, որ Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունները խիստ չափազանցված են ներկայացվում: Նա վստահեցրել է, որ արդեն այսօր բանակցություններ կսկսվեն ընդդիմության հետ՝ կրակի դադարեցման մասին:

Սակայն ամեն ժմ կառավարությունը կորցնում է վերահսկողությունը երկրի նկատմամբ: Միայն վերջին շաբաթվա ընթացքում ցուցարարների կողմն են անցել 23 խոշոր ցեղախմբեր: Ջամահիրիի առաջնորդից երես են թեքել անգամ նրա որդիներից մեկն ու եղբայրը: Թոբրուք քաղաքն ամբողջությամբ ընդդիմության վերահսկողության տակ է: Քաղաքացիների կողմն են անցել նաեւ բանակային որոշ ստորաբաժանումներ:

Բենգազիում  հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել պահանջելով Քադաֆիի հրաժարականը: Լիբիացիները շրջափակել են քաղաքի օդանավակայանը: