Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում առատ ձյուն է տեղում, որոշ հատվածներում էլ անձրեւ է, քամի եւ բուք: «Հայավտոճան» միավորման ձմեռային պաշտպանության հերթապահ մասից NEWS.am-ին հայտնեցին, որ այս պահին փակ է միայն Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:

Ժամը 10:00-ի տվյալների համաձայն, քամի է Ջերմուկում եւ Սարավանի հատվածում՝ Վայքի շրջանում: Բուք է գրանցվել նաեւ Ալագյազի հատվածում, Սպիտակի լեռնանցքում` Գյումրի-Սպիտակ ճանապարհահատված, Ջաջուրի հատվածում եւ Բավրայում: Իսկ Թալին-Մարալիկ, Դրախտիկ-Ճամբարակ հատվածներում մառախուղ է, Արմավիր, Բաղրամյան, Արտաշատ ու Եղեգնաձոր հատվածներում էլ անձրեւ է տեղում: Բաց է Սեւան-Դիլիջան ճանապարհը, որտեղ այս պահին տարվում են մաքրման աշխատանքներ: