ՀՀ քաղաքաշինության կոմիտեում կայացել է աշխատանքային խորհրդակցություն՝ սեյսմակայուն շինարարության ոլորտի առաջատար մասնագետների, գիտական եւ նախագծային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են Կառավարության 2018-2022 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի շրջանակներում, Քաղաքաշինության կոմիտեի «Նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակում» ծրագրով ընթացիկ տարում նախատեսված շինարարական նորմերի մշակման շարունակական աշխատանքներին առնչվող խնդիրներ:
Մասնագետներն անդրադարձել են նաեւ ԱՊՀ երկրների սեյսմակայուն շինարարության բնագավառում բազային կազմակերպություն ստեղծելու հարցին, որը պահանջում է լրացուցիչ քննարկում՝ Կոմիտեի եւ սեյսմակայուն շինարարության մասնագետների ներգրավմամբ:
Քննարկվել է նաեւ ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում՝ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող սեյսմակայուն շինարարության նորմերի վերանայման աշխատանքների ընթացքը, ներկայացվել են առաջարկներ:
Խորհրդակցության օրակարգում ընդգրկված են եղել նաեւ «Քաղաքաշինական ծրագրերի փորձագիտական կենտրոն» բաց բաժնետիրական ընկերությունը որպես քաղաքաշինական ծրագրերի գիտահետազոտական եւ փորձարարական կենտրոն վերակազմավորելու, կենտրոնի լաբորատոր փորձարարական բազայի վերազինման ու տեխնիկական հագեցվածության ապահովման խնդիրներ:





























