Ցմահ ազատազրկված Վաղարշակ Ավետիսյանը եւ դատապարտյալ Անդրանիկ Գեւորգյանն այսօր՝ փետրվարի 5–ին, դադարեցրել են հացադուլը. այս մասին NEWS.am  հետ զրույցում նշեց Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։ «Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր այցելել է դատապարտյալներին եւ նրանց հետ զրույցի արդյունքում դատապարտյալները որոշել են դադարեցնել հացադուլը»,– ասաց նա։

Ըստ նրա՝ «Արմավիր» ՔԿՀ-ում Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանին, որ 5–րդ օրն է՝ հացադուլի մեջ էր։ Նաիրա Զոհրաբյանի հորդորից հետո նա դադարեցրել է հացադուլը՝ նշելով որ հավատում եւ վստահում է միայն Զոհրաբյանին։ Վաղարշակ Ավետիսյանը պահանջում էր վերանայել իր քրեական գործը, կազմակերպել հանդիպում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի եւ մամուլի ասուլիս: Նա ցմահ ազատազրկման է դատապարտվել 2008թ.-ի մարտի 16-ին Գորիսի ավտոճանապարհին տաքսու վարորդի սպանության համար:

Դատաքննության եւ այս տարիների ընթացքում Վաղարշակն իր մեղքը չի ընդունել: Այս տարիներին նա մի քանի անգամ հացադուլ է հայտարարել եւ հայտնել, որ պատրաստ է դիմել կտրուկ քայլերի, եթե իր ներկայացրած պահանջները չբավարարվեն: Դատապարտյալն օգոստոսին եւս հացադուլ էր հայտարարել, ինքնավնասում էր կատարել: 2018 թ. օգոստոսի 11-ին արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ այցելության ընթացքում հանդիպել էր Վաղարշակ Ավետիսյանին, եւ հանդիպումից հետո դատապարտյալը դադարեցրել էր հացադուլը:

Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է նաեւ հացադուլ հայտարարած 546 խցի դատապարտյալ Անդրանիկ Գեւորգյանին։ Նա նույնպես դադարեցրել է հացադուլը, ինչպես նշել է իր դիմումի մեջ, Զոհրաբյանին հավատալով։ Ի դեպ, ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչները երեկ հորդորել էին նրանց դադարեցնել հացադուլը, սակայն նրանք մերժել էին։