ԱՄՆ-ը կարող է ավելացնել իր ռազմական ներկայությունը Աֆղանստանում եւս մի քանի տասնյակ հազար զինվորներով: Ինչպես սեպտեմբերի 22-ին հայտարարել է Fox News հեռուստաալիքը, նման առաջարկով հանդես է եկել Աֆղանստանում կոալիցիոն ուժերի հրամանատար Սթենլի Մակքրիստալը: Համապատասխան զեկույցն արդեն այսօր՝ սեպտեմբերի 23-ին կարող է ներկայացվել ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսին:
Աֆղանստանի իրավիճակի վերաբերյալ իր զեկույցում գեներալ Մակքրիստալը նախազգուշացնում է, որ եթե ԱՄՆ-ը առաջիկա տարում չմեծացնի իր ռազմական կոնտինգենտը եւս 30-40 հազար զինվորներով, աֆղանական ռազմարշավը կարելի է պարտված համարել:
Հիշեցնենք, որ տարեսկզբին Բարաք Օբաման հանձնարարել էր Աֆղանստան ուղարկել 17 հազար զինծառայող:




























