ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումն այնքան կարեւոր է ռուս-ամերիկյան ապագա հարաբերությունների համար, որ եթե նույնիսկ Հարավային Կովկասին եւ Հայաստանին վերաբերող հարցեր քննարկվեն, ապա դա չի արվի առաջին հերթին։ Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը։ Նրա խոսքերով Բարաք Օբաման հետաքրքրված է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորվեն, բայց այսօր Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ այնքան խնդիրներ են հավաքվել, որ դժվար թե այս հանդիպման ընթացքում կողմերը անդրադառնան այդ հարցին։

Քաղաքագետը խիստ կարեւոր է համարում հարավկովկասյան տարածաշրջանի նշանակությունը երկու պետությունների համար։ "Ռուսներն ուզում են Վաշինգտոնին ցույց տալ, որ կարող են նրանց օգնել տարածարջանում կայունության հաստատելու գործում։ Դա հատկապես արդիական է Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ եղած օգոստոսյան պատերազմից հետո, որտեղ Ռուսաստանը շատ արագ էր գործում եւ շատ հեռուն գնաց։ Թերեւս այդ պատճառով է , որ Ռուսաստանը կողմ է օրինակ՝ղարաբաղյան հարցում Մինսկի գործընթացի պահպանմանն ու ակտիվացմանը։ Ռուսները Օբամային կհասկացնեն, որ կարող են դրական դեր ունենալ նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում։

Սակայն Կիրակոսյանի կարծիքով, եթե Ռուսաստանը կամ Միացյալ Նահանգները լուրջ մոտեցում են ուզում ցուցաբերել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա նրանք պետք է ընթանան միակ հնարավոր ճանապարհով, այն է՝ բանակցություններին ներգրավեն նաեւ ղարաբաղյան կողմին։

Կիրակոսյանն ասում է, որ Հայաստանի համար լուրջ սպառնալիք է ներկայացնում ռուս-ադրբեջանական հարաբերությունների մտերմացումը, որի սկիզբը դրվել է անցած տարվանից եւ շարունակում է ավելի ամրանալ՝ հատկապես Ռուսաստանի նախագահի Բաքու կատարած այցից հետո։

Ինչ վերաբերում է ռուս ամերիկյան հարաբերությունների «restart»-ին, փոձագետը կարծում է, որ նախքան բարելավումը, ռուս-ամերիկյան հարաբերությունները դեռ կշարունակեն վատանալ։

Երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգներն ունեն շատ ընդհանուր հետաքրքրություններ և.սպառնալիքներ՝ Իրանի, Հյուսիսային Կորեայի եւ Չինաստանի կողմից։ Բայց, եթե կարճաժամկետ հեռանկարների առումով դիտարկենք, Հայաստանը ստիպված է լինելու վերապրել այն «փոթորիկը», որը կլինի Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ։

Մեր երկիրը տարածաշրջանում միակ պետությունն է, որ կարող է հրապարակ դառնալ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցության համար։ Ոչ Վրաստանը, ոչ Ադրբեջանը նման հնարավորություն չունեն։ Միայն Հայաստանը այնպիսի ներուժ ունի, որը ոչ միայն անհրաժեշտ է ռուսների, ամերիկացիների, եվրոպացիների հետ համագործակցության, այլեւ Իրանին գործընթացներում ներգրավելու համար։ Հայաստանն այդ կոմպլեմենտար ռազմավարությունը նախկինում օգտագործել է, սակայն վերջին տարիներին ցավոք սրտի այն չի կիրառվում։

Կոմպլեմենտարիզմ՝ նշանակում է հիմնարար հավասարակշռություն Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ։ Հասյաստանից հիմա պահանջվում է հավասարկշություն պահպանել 3 սուբյեկտի՝ Եվրամիության, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ։ Սա հնարավոր է անել է միայն քաղաքական կամքի առկայության դեպքում։

Սակայն մինչ օրս վստահություն չկա, որ մեր իշխանությունները նման կամք ունեն։ Եթե նույնիսկ ընդունենք այն փաստը, որ Հայաստանի դիվանագիտական փոխհարաբերությունները Թուրքիայի հետ հիմնված են արտաքին քաղաքական անհրաժեշտության վրա, ապա միեւնույնն է՝ Հայաստանը ավելի թույլ դիրքերում է գտնվում եւ ինքնուրույն չի գործում։

Ինչ վերաբերում է Իրանում կատարված վերջին իրադարձությունների ազդեցությանը Հայաստանի վրա, ապա քաղաքագետն ասում է, որ անկախ նրանից, թե ինչ ուղի կբռնի այդ երկիրը, անկայունությունն արդեն մեծ սպառնալիք է ներկայացնում մեր երկրին, որի երկու սահմանները փակ են։

Կիրակոսյանի կարծիքով, Իրանում այսօր կատարվող իրադարձությունները նման են 2008-ին նախագահական ընտրություններից հետո Հայաստանում կատարված իրադարձություններին։

Առաջին դասը, որ պետք է առնենք Իրանի այս դրությունից այն է, որ լուրջ խնդիրները չի կարելի լուծել անպիսի միջոցներով, ինչպիսին համաներումն է։ Երկրորդ դասն այն է, որ այդ երկրների իշխանությունները, ճնշում գործադրելով ընդդիմության վրա,կարող են ավելի վատացնել իրավիճակը, ինչպես դա եղավ Ռումինիայում՝ Չաուշեսկու ժամանակ, Իրանում՝ շահի, կամ Սերբիայում՝ Միլոշեվիչի ժամանակ։ Ինչպես հայկական, այնպես էլ իրանական իշխանությունները պետք է հասկանան, որ առողջ եւ ակտիվ ընդդիմություն ունենալը օգտակար է ինչպես պետության, այնպես էլ ժողովրդավարության համար։

«Հայաստանի եւ Իրանի իշխանությունները ընդդիմությանը դիտում են միայն որպես սպառնալիք։ Դա այս երկու երկրների քաղաքական մշակույթի հիվանդությունն է։ Ցանկացած նորմալ երկրում ընդդիմությանը դրականորեն են վերաբերվում եւ քանի դեռ մենք չենք փոխել մեր քաղաքական մշակույթը , մենք չեն կարող ունենալ ոչ իրական ժողովրդավարություն, ոչ իրական կայունություն»-ընդգծել է Ռիչարդ Կիրակոսյանը։