Ինտերնետում հայտնվել է նոր տեսաձայնագրություն` «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության ղեկավարներից մեկի` Այման ալ-Զավահիրիի ուղերձով, որի տեւողությունը կազմում է 106 րոպե: Այն կոչվում է «Արեւմուտք եւ մութ թունել» եւ նվիրված է Նյու Յորքում 2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչության 8-րդ տարելիցին:

Իր տեսաուղերձում Ալ-Զավահիրին քննադատում է Վաշինգտոնի քաղաքականությունը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային մեղադրում կեղծավորության մեջ, ինչպես նաեւ կանխատեսում, որ շուտով Ամերիկան ոչնչանալու է աշխարհի մահմեդականների ձեռքով:

«Ամերիկան փոխվել է, դարձել է ավելի կեղծավոր: Ժպտալով մեզ, նա հարվածում է մեզ նույն դաշույնով, որով հարվածում էր Բուշը: Աստծո օգնությամբ, մի օր ձեր վերջը կգա մահմեդականների ձեռքով, եւ աշխարհը վերջապես կազատվի ձեր չարագործություններից ու ստից»,- հայտարարել է ահաբեկիչը: Նշենք, որ «Ալ Քաիդա»-ն պարբերաբար նման տեսանյութեր է տեղադրում ինտերնետում:

Այման ալ-Զավահիրին ամենափնտրվող ահաբեկիչներից մեկն է: Նրա գլխի համար, ինչպես Ուսամա Բեն Լադենի գլխի համար, 25 մլն դոլար է նշանակված: