Առաջին անգամ ՅՈՒՆԵՍԿՈ-ի գլխավոր տնօրեն է դարձել կին։ Կրթության, գիտության ու մշակույթի հարցերով Միացյալ ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր տնօրենի պաշտոնում Ֆրանսիայում Բուլղարիայի դեսպան Իրինա Բոկովայի ընտրվելու օգտին են այսօր արտահայտվել ՅՈՒՆԵՍԿՈ-ի գործադիր խորհրդի անդամները։ Նրա մրցակիցն էր Եգիպտոսի մշակույթի նախարար Ֆարուք Հոսնին։
ՅՈՒՆԵՍԿՈ-ի ներկայիս ղեկավար Կոիտիրո Մացուրիի լիազորությունների երկրորդ ժամկետը լրանում է 2009 թվականի նոյեմբերին։
ՅՈՒՆԵՍԿՈ-ի ղեկավարն ընտրվում է 4 տարի ժամկետով եւ կարող է վերընտրվել մեկ անգամ։
Իրինա Բոկովան 1976 թվականին ավարտել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ Աշխատել է ՄԱԿ-ին առընթեր բուլղարական մշտական ներկայացուցչությունում, ղեկավարել է երկրի ԱԳՆ-ն։ Վերջին ժամանակներս Փարիզում Բուլղարիայի դեսպանն էր եւ ՅՈՒՆԵՍԿՈ-ում Բուլղարիայի մշտական ներկայացուցիչը։ Նա կատարելապես տիրապետում է միջազգային կազմակերպության աշխատանքային լեզուներից մեծ մասին՝ ռուսերենին, ֆրանսերենին, իսպաներենին, անգլերենին։




























