Ֆլամինգոների հազարավոր ձագուկներ տարհանվել են չորացող ջրամբարից դեպի Հարավաֆրիկյան Հանրապետության հյուսիսային մաս՝ փորձելով փրկել նրանց, տեղեկացնում է Gazeta-ն՝ հղում կատարելով CNN-ին։
Նշվում է, որ մոտ 2 հազար ճուտիկ փրկվել է Քամֆերս ամբարտակից՝ Քիմբեռլի շրջանում, այն բանից հետո, երբ ծնողները լքել են ձագուկներին խիստ երաշտի եւ ջրի մակարդակի անկման պատճառով։
Նրանց մասին հոգացել է մերձափնյա թռչունների պահպանման հարավաֆրիկյան ֆոնդը (SANCCOB), որը զբաղվում է նվիրատվությունների հավաքմամբ ու կերակրում է ձագուկներին։
«Ձագուկները շատ վատ վիճակում էին, քանի որ նրանցից շատերը ջրազրկված էին։ Նրանք փոքրիկ էին, մի մասը նոր էր դուրս եկել ձվից, ուստի մենք բախվեցինք վարակների խնդրին»,- ասել են SANCCOB աշխատակիցները։
Նրանց խոսքով՝ ներկա պահին ձագուկների վիճակը լավացել է, նրանք ստանում են անհրաժեշտ սնունդ եւ բուժում։





























