Հայաստանի նորանկախ հանրապետության իշխանությունները պարտավոր են սոցիալական եւ իրավական հատուկ կարգավիճակ տալ Սումգայիթում եւ Ադրբեջանի մյուս քաղաքներում ջարդեր ապրած հայերին։ Փետրվարի 28-ին՝ սումգայիթյան ոճրագործությունների հիշատակի օրվան նվիրված երթի ժամանակ, լրագրողներին հայտնել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքով, ադրբեջանահայ փախստականներին հատուկ կարգավիճակ տվողն, անշուշտ, պետք է լինի պետությունը։ «Պետք է ստեղծվի համապատասխան մի խումբ, որն ադրբեջանահայերի խնդիրները կբարձրաձայնի միջազգային համապատասխան ատյաններում։ Բացի այդ, Սումգայիթում ջարդի ենթարկված մարդկանց պետք է վերաբերել իբրեւ ցեղասպանության զոհերի, ոչ թե պարզապես մահացածների։ Մեր իշխանությունները պարտավոր են այդ մարդկանց ճանաչել իբրեւ ցեղասպանության զոհերի։ Այդ մարդիկ՝ շուրջ կես միլիոն մարդ, իմ կարծիքով, պետք է ստանան Ադրբեջանի կողմից կատարված ցեղասպանության զոհերի հետնորդներ անունը»,- նշեց Ալավերդյանը։

«Ժառանգության» պատգամավորի խոսքով, 1988 թվականին Սումգայիթում ջարդերի ամենաթեժ օրերին, հալածվող հայերը կարողանում էին անգամ պաշտպանություն  կազմակերպել։

Ամփոփելով՝ Ալավերդյանը նկատեց, որ Ադրբեջանը պարտավոր է նյութական, բարոյական եւ տարածքային փոխհատուցում ցուցաբերել ադրբեջանահայերին՝ այդ պետության իրական ստեղծողներին։ «Մինչդեռ բոլոր այս հարցերը՝ հայրենազրկման խնդիրը ներառյալ, ըստ արժանվույն չենք ներկայացրել միջազգային համապատասխան ատյաններին։ Մենք պետք է իմանանաք, թե ինչ է մտածում այս մասին միջազգային հանրությունը, ըստ նրա որտե՞ղ պետք է ապրեն իրենց բնօրրանից վտարված մարդիկ, ինչպե՞ս պետք է փոխհատուցվեն նրանք»։

Նշենք, որ ողջ աշխարհի հայերն այսօր` փետրվարի 28 –ին  նշում են Ադրբեջանում սումգայիթյան ջարդերի 23-րդ տարելիցը: Ջարդերն, սկսվելով 1988թ. փետրվարի  26-ին, ուղեկցվեցին հայկական բնակչության նկատմամբ զանգվածային բռնություններով, սպանություններով ու թալանով:

Պաշտոնական տվյալներով` անկարգությունների ժամանակ զոհվել էր 26 հայ, 100-ը ծանր վիրավորվել էին, թեեւ փորձագիտական գնահատականներով զոհվածների թիվը երեք օրում կազմել է 200 մարդ: