Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունն այսօր, ժամը 14-ին խմբակցության եւ վարչության արտահերթ նիստ է գումարելու, որի ընթացքում քննարկելու է կուսակցության հետագա գործողությունների հարցը:
Լիովին հնարավոր է, որ նիստի ընթացքում քննարկվի կուսակցության կողմից մանդատներից հրաժարվելու կամ խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու հարցը:
Նշենք, որ խորհրդարանի այսօրվա նիստում «Ժառանգության» պատգամավորները «Վերցրեք եւ կերեք, պարոնայք իշխանավորներ, ընդդիմության այս մի քանի մանդատը» բառերով լքել են նիստերի դահլիճը: Դրանից առաջ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խիստ քննադատության էր ենթարկել կոալիցիոն հուշագիրը` այն ապօրինի եւ հակասահմանադրական անվանելով, որի միակ նպատակն է առաջիկա 7 տարվա համար ամրագրել նախագահ Սերժ Սարգսյանի իշխանությունը:
«Ժառանգության» կողմից նիստերի դահլիճը լքելուց հետո, 20 րոպեանոց ընդմիջում էր խնդրել դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը, ով գնաց «Ժառանգության» հետ քննարկելու, թե «որն է խնդիրը»:
«Ժառանգություն» կուսակցությունը հիմնվել է 2002թ.-ին: 2005թ. հունիսի դրությամբ կուսակցությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում ունի 28 գրասենյակ եւ տարածքային 46 ստորաբաժանում:«Ժառանգության» 2005թ. մայիսի 30-ին տեղի ունեցած համագումարում գաղտնի քվեարկությամբ կուսակցության նախագահ է ընտրվել Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը: Գաղտնի քվեարկությամբ ընտրվել են կուսակցության վարչության մյուս 8 անդամները: 2007թ. կայացած խորհրդարանական ընտրություններում «Ժառանգությունըե 7 մանդատ է ստացել: 2010թ. հուլիսի 10-ին «Ժառանգություն» կուսակցությունն արտահերթ կարգով գումարեց իր վեցերորդ համագումարը: Համագումարի ավարտին վարչությունը գումարեց իր անդրանիկ նիստը` Րաֆֆի Հովհաննիսյանին ընտրելով նախագահ, Ռուբեն Հակոբյանին` փոխնախագահ, Կարինե Հակոբյանին` քարտուղար:




























