«Այսօր Ադրբեջանի՝ Հայաստանի եւ հայերի դեմ պայքարի միջոցներն ավելի կատարելագործված են դարձել, եթե 1988 թվականին Ադրբեջանը փորձում էր հայերին ոչնչացնել ֆիզիկապես, ապա այսօր Բաքուն փորձում է մասնատել մեր հանրությունը»,- փետրվարի 28-ի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Շուշի» հիմնադրամի ղեկավար  54 րոպե տեւողությամբ «Սումգայիթյան ալիքներ» ֆիլմի հեղինակ Բակուր Կարապետյանը։

Նա նշեց, որ «Սումգայիթյան ալիքներ» ֆիլմը նախապատրաստելու ժամանակ ինքն ադրբեջանական այդ քաղաք գնացել է հայերի կոտորածից անմիջապես հետո։ «Այն, ինչ ես տեսա այնտեղ, ահավոր էր՝ հայերի հրդեհված եւ թալանված տներ, վիրավոր եւ վախեցած մարդիկ։ Ես ամեն ինչ տեսագրել եմ՝ ականատեսների պատմություններ, ինչի արդյունքում 54 րոպե տեւողությամբ ֆիլմ է ստացվել։ Ֆիլմը ռուսերեն լեզվով էր, քանի որ նպատակ ունեինք միջազգային հանրությանը ծանոթացնել սումգայիթյան ողբերգության հետ», ասաց Կարապետյանը՝ միաժամանակ հայտնելով, որ հայկական հեռուստատեսությամբ այդ ֆիլմն այն ժամանակ չի ցուցադրվել։ «Փոխարենը, ֆիլմը ցուցադրվել է ԱՄՆ Կոնգրեսում»,- նկատեց Կարապետյանը։ Նա նշեց, որ ֆիլմի ստեղծման ժամանակ ինքը փորձել է վկայություններ ստանալ նաեւ Ադրբեջանի իրավապահ մարմիններից, սակայն նրանք մերժել են իրեն։

Խոսելով ադրբեջանական քաղաքներում հայերի կոտորածների մասին՝ Կարապետյանը նկատեց, որ այդ իրադարձությունները նախաձեռնվել էին ներքին ուժերի՝ մասնավորապես, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի կողմից։ «ԽՍՀՄ փլուզելու համար ԱՄՆ նպատակ ուներ զգային-ազատագրական շարժումներ սադրել դրա անդամ երկրներում, իսկ Անկարան իր առջեւ խնդիր էր դրել հայերից մաքրել Ադրբեջանը, ինչպես դա արել էր դարասկզբին՝ հենց Թուրքիայում»։