Հայաստանի իշխանությունները ոչ մի գործ չեն անում, ինչպես եւ չի անի ընդդիմությունը, եթե գա իշխանության: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է գրող, թատերագիր Վահրամ Սահակյանը` նկատելով, անխտիր բոլոր քաղաքական ուժերն էլ նույն նպատակն են հետապնդում:
Թատերագիրը քննադատել է նաեւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքները: «Եթե պետք է հավաքվեն մարտի 1-ին ու հարգեն զոհերի հիշատակը` խնդրեմ, բայց եթե պետք է ձեռք թափ տան, էլի նույն անարժեք արտահայտությունները գոռգոռան` դա ծիծաղելի է ուղղակի: Խղճում եմ մարդկանց, որոնք գնում, հավաքվում են: Աշխարհում չի եղել էնպիսի քաղաքական միջադեպ որտեղ մարդիկ հաղթեն եւ հասնեն իրենց ուզածին, եւ բարելավվի պետության վիճակը էսպիսի հավաքներով` գոռգոռալով, անիմաստ շարժումներով», – նշել է Սահակյանը:
Անդրադառնալով քաղբանտարկյալների խնդրին` Վահրամ Սահակյանը հայտարարել է. «Այդ պարագլուխները, պիգմեյները մտածում են իշխանության գալու մասին, ու շատ լավ է, որ քաղաքական շատ ու շատ հանցագործներ մինչեւ հիմա դուրս չեն եկել բանտերից: Եթե ինձ մնար, ես ավելի երկար կպահեի նրանց բանտում», - ասել է Սահակյանը, նկատի ունենալով քաղբանտարկյալներին:





























