Հայաստանի արադադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր՝ փետրվարի 28-ի առավոտյան ժամը 9.00-9.30-ի սահմաններում այցելել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ ՔԿԱԳ տարածքային բաժին:

Մուտքի դուռը փակ է եղել, աշխատակիցներից որեւէ մեկը չի ներկայացել աշխատանքի, չնայած բաժնի մուտքի մոտ փակցված է եղել, որ աշխատանքները սկսվում են ժամը 9.00-ին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախարարության մամուլի ծառայությունից:

ՀՀ քաղաքացիական կացության մասին օրենքի 78-րդ հոդվածի համաձայն, քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման /ՔԿԱԳ/ մարմինների գործունեությունը կազմակերպում է այն համայնքի ղեկավարը, որտեղ գտնվում են համապատասխան կառույցները: Իսկ ՔԿԱԳ մարմինների գործունեության մեթոդական ղեկավարումն ու վերահսկղությունն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը: Հենց նույն օրենքի պահանջով կարեւոր է տեղական ինքնակառավարման եւ իրավասու այլ մարմիններին առաջարկություններ ներկայացնել ՔԿԱԳ մարմնի ղեկավարներին կամ աշխատողներին կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ:

Ուստի ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր արդեն գրավոր դիմել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանին` քննարկել Կենտրոն եւ Նորք-Մարաշ ՔԿԱԳ տարածքային բաժնի աշխատակիցներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը եւ արդյունքների մասին տեղեկացնել:

Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ արդարադատության նախարարն իր առաջին, հունվարի 17-ի մամուլի ասուլիսում ասել էր, որ նախարարության աշխատակիցներն առանց զգուշացնելու եւ որպես շարքային քաղաքացիներ, այցելելու են համակարգի տարբեր կառույցներ: Ավելի քան մեկ ամիս առաջ, հունվարի 24-ին, տրվեց ակցիայի մեկնարկը եւ նախարարն անձամբ էր այցելել մի քանի նոտարական գրասենյակ պարզելու, թե ինչպես են աշխատում եւ քաղաքացիներին ծառայություն մատուցում նոտարները: Ուստի համանման «այցելությունները» կրելու են պարբերական բնույթ: