ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակին։ Վերջինս շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին պաշտոնի նշանակման կապակցությամբ եւ հաջողություն մաղթել բարդ եւ պատասխանատու աշխատանքում։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների  նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը եւ դեսպանը քննարկել են երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության հարցերի շրջանակը։ Պավել Չեպլակը Տիգրան Խաչատրյանին տեղեկացրել է մի շարք տնտեսական համաժողովների մասին, որոնք տեղի են ունենալու Լեհաստանում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման հետ կապված հարցեր, նշվել է, որ նիստին անդրադարձ կլինի նաեւ Հայաստան-Եվրամիություն տնտեսական հարաբերություններին առնչվող թեմաներին։

Կողմերը պայմանավորվել են ամփոփել նախորդ նիստի արձանագրություններով ամրագրված արդյունքները եւ սկսել առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքները։