Երեկ` սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը` ԵՀ արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրինության ղեկավար Գունար Վիգանդի գլխավորությամբ։

Հանդիպմանը հանգամանալից զրույց է ծավալվել Հայաստան-ԵՄ համագործակցության վերաբերյալ, քննարկվել են ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի իրագործմանն առնչվող մի շարք հարցեր։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի եւ լրատվության վարչությունից, կողմերը քննարկել են մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման և ազատ առևտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Գունար Վիգանդը տեղեկացրել է, որ որոշում է ընդունվել այս տարվա նոյեմբերին ներկայացնելու Հայաստանի, ինչպես նաև Հարավային Կովկասի մյուս երկրների հետ ասոցիացման համաձայնագրերի կնքման ծրագիրը։

Հյուրերի խնդրանքով՝ նախարար Նալբանդյանը ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցությունների վերջին զարգացումները։