Սեպտեմբերի 20-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում համատեղության կարգով հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններին (Ավստրալիա, Բելգիա, Բենին, Էստոնիա, Իսպանիա, Լատվիա, Քաթար, Հունգարիա, Հարավային Աֆրիկա, Չեխիա, Քուվեյթ, Կիպրոս, Կորեա, Սերբիա), որոնք Երեւանում էին գտնվում ՀՀ Անկախության օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:
ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից NEWS.am -ին հայտնում են, որ հանդիպմանը նախարար Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները՝ ընգծելով, որ հայկական դիվանագիտությունն ուղղված է տարածաշրջանում խաղաղության, համագործակցության եւ կայունության հաստատմանը, միջազգային գործընթացներում Հայաստանի ներգրավվածության խորացմանը:
Դեսպանների խնդրանքով՝ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, բնականոն հարաբերությունների հաստատման ճանապարհին անցած ուղին՝ շեշտելով, որ կողմերը սկսել եւ վարել են բանակցություններն ու եկել են համաձայնությունների այն փոխըմռնմամբ, որ հարաբերությունները պիտի կարգավորվեն եւ սահմանները բացվեն՝ առանց նախապայմանների, եւ որ այս սկզբունքից որեւէ ետքայլ կարող է վտանգել ողջ գործընթացը:
Դեսպանները հայտնել են իրենց աջակցությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ հույս հայտնելով, որ կողմերը կընթանան առաջ՝ հարգելով պայմանավորվածությունները:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաեւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցությունների վերջին զարգացումներին եւ հեռանկարներին: Շարադրելով հայկական կողմի մոտեցումները՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հակամարտության բանալին Արցախի կարգավիճակն է, եւ այս հարցում փոխըմռնումը հիմք կստեղծի հիմնախնդրի կարգավորման համար` միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:




























